Մենք բոլորս ապշած ենք: Վերջապես բոլորին նույն զգացումն է համակել: Կատալոնացիները իրենց զգում են միաժամանակ իսպանացիներ, անջատողականներ, մադրիդցիներ, ամերիկացիներ, աջ ու ձախ թևի քարոզիչներ, միասնական ու անբաժանելի Իսպանիայի ու երկխոսության կողմնակիցներ, դեմոկրատներ ու բոլշևիկներ, շներ ու կատուներ, քաղաքացիներ: Ես ուզում եմ բարձրաձայնել հարցը, որ բոլորն իրենց տալիս էին այս երեքշաբթի` ի՞նչ է այստեղ կատարվել: Իհարկե, անկախության հանդիսավոր հայտարարություն չեղավ: Մյուս կողմից, այնուամենայնիվ, եղավ, ինչ-որ բան հայտարարվեց, թեպետ աստվածաբաններին 500 տարի է պետք` մենկնաբանելու Պուչդեմոնի խոսքերն ու ռեպլիկները: Բայց սպասվող հանդիսավորությունը չստացվեց: Կատալոնիայի անկախության հռչակմանը ամենից մոտ էր Ինես Արիմադասը` նա եկավ տանը գրած ելույթով ու առանց կասկածի ստվերի կարդաց: Ես նրան հասկանում եմ: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց: Էլեկտրոնները շարժվում են լույսի արագությամբ: Ես բազմիցս ասել եմ, որ Կատալոնիան քվանտային հանրապետություն է, բայց իմ խոսքերին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Իր այլընտրանքային օրենքներով ու չափորոշիչներով, միանգամայն կտրված իսպանական իրականությունից, այսօր այդ քվանտային հանրապետությունը հնարավորություն է ստացել իր վրա ուշադրություն հրավիրելու և նշանակալից խաղացող դառնալու: Համաշխարհային հանրության ուշադրությունը ԶԼՄ-ների միջոցով սևեռվել է Կատալոնիայի խորհրդարանի վրա, բայց հոդաբաշխ ոչինչ այնտեղ չասվեց:
Որոշակի կոնսենսուս կա մի հարցում. Պուչդեմոնը անկախություն հայտարարեց, դրսում հավաքվածները ցնծացին, բայց անմիջապես հետքայլ արեց: Ներկայացումն ավարտվեց: Մարդկանց դեմքերը պետք էր լուսանկարել ու ուղարկել World Press Photo միջազգային մրցույթին: Դա նույնն էր, եթե ՙԲարսելոնը՚ ինքն իրեն գոլ խփեր 90-րդ րոպեին, իսկ Մեսին ինքն իրեն դաշտից հեռացներ: Հիասթափություն, ցնցում, խելահեղություն: Իմ բարեկան Դանիել Արխոնան «Investigación y Ciencia» գիտական ամսագրի բաժանորդ է ու, կարծում եմ, հաշվել գիտի: Նա պնդում է, որ 1934-ին հռչակված կատալոնյան առաջին հանրապետությունը ապրեց 11 ժամ, իսկ երկրորդը` 11 վայրկյան: Wikipedia-ն ամենակարճ կյանքն ունեցող պետությունների հոդվածում նշում է 8 վայրկյանը: Հիմա լավի մասին: Ընկերությունները խուճապահար փախչում են Կատալոնիայից, փոխարենը Գինեսի ռեկորդների գիրքը համալրվում է նոր նվաճումներով: Թող ինձ ների բարեկիրթ ընթերցողը, բայց չեմ կարող համեմատությունից հրաժարվել: Այն, ինչ Պուչդեմոնն արեց երազկոտ աղջնակի` այսինքն` անկախության կողմնակիցների հետ, ստորությունից բացի այլ կերպ չես անվանի:
Մի քանի ամիս նա սիրահետում էր, գուրգուրում, ոսկե սարեր էր խոստանում, ամուսնություն ու ընտանիք, իսկ հետո քարշ տվեց հետնաբակ ու կոպտորեն բռնաբարեց: Ամենավերջում, երբ ժողովուրդը շփոթված ցրվում էր, անկախության կողմնակիցների խումբը դիմեց միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` նրանց հետ լուսանկարվելու խնդրանքով:
Եվ ահա խորհրդարանի 70 պատգամավորների, նրանց, որ պատվազրկեցին Կատալոնիային, լուսանկարեցին այն պահին, երբ նրանք ստորագրում էին երկու սպիտակ թուղթ` ընդամենը մի քիչ առաջ մեքենագրված: Այդ երկու ճմռթված թղթերը, նույնիսկ խելքները չհերիքեց թղթապանակի մեջ դնել, Կատալոնիայի կառավարության լոգոտիպն էր` հանդիսավորության մթնոլորտ ստեղծելու համար: Մեզ ասացին, որ այդ ծաղրուծանակը հենց Անկախության հռչակագիրն էր, թեպետ ճիշտ կլիներ` Պուչդեմոնի հրաժարականի հայտարարությունը լիներ:
Բայց իրադարձություններից առաջ չընկնենք: Կատալոնիայի անջատողականները դեռ հույսեր ունեն: Նույնիսկ զգետնող հիասթափությանը կարող է նորից հաջորդել հուսավառությունը: Հիմա ամեն ինչ կախված է կառավարության պատասխան քայլերից: Ոչ մի անկախություն չի հռչակվել, բայց կոշտ պատասխանը կարող է տպավորություն ստեղծել, որ, այնուամենայնիվ, հռչակվել է: Ռախոյը, նրա կառավարությունը և մնացած կուսակցությունները, որ Սահմանադրությանը հետևելու կողմնակից են, երկու ճանապարհ ունեն: Առաջին` ծիծաղել այդ ֆարսի վրա և դատավորներին առաջարկել այնպես վարվել, ինչպես պիտի վարվեն օրենքը խախտածների հետ: Երկրորդ` խառնվել հարցին` հղում անելով Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածին` կրակի վրա յուղ լցնելով:
Այդպիսին ենք մենք` իսպանացիներս: Մի անհեթեթությունից կարող ենք ավելի մեծ անհեթեթություն սարքել:
Խուան ՍՈՏԱ ԻՎԱՐՍ, El Confidencial
Հ.Գ. Գործնականում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը գնաց երրորդ ճանապարհով` նա Պուչդեմոնից պահանջեց բացատրել` անկախություն հռչակե՞լ են, թե՞ ոչ։ Համենայն դեպս, նաև զգուշացրեց, որ կարող է դիմել Սահմանադրության 155-րդ հոդվածին ու կասեցնել ինքնավար շրջանի ինքնակառավարման գործընթացը:
Բայց Պուչդեմոնը հազիվ թե նրան պատասխանի` ինքն էլ չգիտի` հռչակե՞լ է անկախություն, թե՞ առաջարկել է բանակցություն: Թող Մարիանո Ռախոյը որոշի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ